Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Այս մրցանակն իմը չէ, եկեղեցունն է, երկրինը և մեր ժողովրդինը»

«Այս մրցանակն իմը չէ, եկեղեցունն է,  երկրինը և մեր ժողովրդինը»
24.02.2015 | 12:19

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային երաժշտական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը: Հեղինակավոր երաժշտական մրցույթն անցկացվել է հունվարի 28-31-ին` Տիխվինում` ռուս մեծանուն կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսակովի հայրենի քաղաքում: Հովհաննես սարկավագ Ներսեսյանը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանող է, առաջնորդանիստ սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր:

-Ձեր իսկ բնորոշմամբ` երաժշտությունը, հատկապես դասականը, սկիզբ է առել հոգևոր երաժշտությունից: Այսօր արդեն կարելի է հանդիպել տարատեսակ ժանրերի, որոնցից յուրաքանչյուրն ունի սկզբնավորման իր պատմությունը: Ի՞նչ կասեք երաժշտության ազդեցության մասին:
-Յուրաքանչյուր հոգևոր ծիսակարգի մեջ կան երաժշտական կտորներ, շարականներ, հոգևոր երգեր, և դա պատահական չէ: Մարդու և՛ մարմնի, և՛ հոգևոր ներաշխարհի վրա երաժշտությունը մեծ ազդեցություն ունի: Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դասական երաժշտության ազդեցությունից ջրի բյուրեղիկները սկսում են փայլել: Մարդու մարմնի 70 տոկոսը կազմված է ջրից, հետևաբար գրանցվում է նույն պատկերը: Եթե նկատել եք, դասական երաժշտության սիրահարների դեմքը միշտ պայծառ է:
-Համացանցը հնարավորություն է տալիս ցանկացած պահի երաժշտություն լսելու: Ի՞նչ կարող է տալ ունկնդրին դասական գործի վիրտուալ ունկնդրումը, երբ բացակայում են կենդանի հնչողությունն ու իրական մթնոլորտը:
-Մի բան է, երբ համացանցով ես լսում երաժշտությունը, մանավանդ դասականը, բոլորովին այլ բան, երբ կենդանի երաժշտություն ես լսում: Կան երաժշտական գույներ, որ տեխնիկան, որքան էլ զարգացած լինի, ի զորու չէ փոխանցելու:
-Կա կարծիք, որ բարձրարժեք երաժշտությունը, պահանջարկի առումով, զիջում է մասսայական երաժշտությանը:
-Դա կախված է տվյալ երկրում դասական երաժշտության պրոպագանդման ուղղությամբ տարվող աշխատանքից և անհատի մոտեցումից: Յուրաքանչուր ոք պետք է մտածի և վերլուծի, թե ինչ են մատուցում իրեն, և ինչ է ուզում լսել ինքը:
-Խոսքը պահանջարկի՞ մասին է:
-Այո, և ճիշտ կողմնորոշվելու, որովհետև այսօր մեզանում կա հասարակական մի շերտ, որը, ինչ էլ տաս, հեշտությամբ կվերցնի: Դա էլ իր պատճառներն ունի, չեմ ուզում մանրամասնել: Հույս ունեմ, որ աստիճանաբար կհարթվի այս իրողությունը: Դասական երաժշտության համերգների ժամանակ մեր դահլիճների շարքերը գնալով խտանում են: Կարծում եմ, մեր հանդիսատեսը պիտի մոտ լինի այդ արվեստին, ավելին՝ պահանջատեր լինի:
-Իսկ երբ աղավաղվում են դասակա՞նը, բարձրարժե՞քը: Օրինակ, մասնագետները վկայում են, որ այսօր Կոմիտասն ավելի շատ հնչում է մշակված, վերաձևակերպված:
-Կոմիտասը մշակել է մեր ազգային երաժշտությունը, իսկ Կոմիտասին մշակել պետք չէ: Ինչո՞ւ է կոչվում դասական, որովհետև դա ամենաճիշտ տարբերակն է և կարիք չունի մշակման: Կարելի է գործիքավորել, բայց` տրամաբանության սահմաններում, չավելացնելով նաև ավելորդ հարվածային, փողային գործիքներ:
-«Անուշի» նոր բեմադրությանը, որ տարատեսակ գնահատականների արժանացավ, նո՞ւյնպես խիստ եք վերաբերվում:
-Բեմադրությունը մի փոքր այլ է, բայց օպերան մշակելը հանցագործություն է: Պատկերացրեք՝ Վերդիի օպերային ստեղծագործություններից մեկում ջազ կամ ռոք հնչի: Խայտառակություն կլինի: Ցավոք, այսօր աշխարհում օպերային ներկայացումներում շատ են իմպրովիզները, փորձում են ամեն կերպ նորություն մտցնել, արդյունքում տուժում է որակը:
-Պահանջա՞րկն է թելադրում նման նորարարություններ:
-Ոչ, չեմ կարծում, թե ունկնդիրը դա է ուզում:
-Ի՞նչ կասեք հոգևոր թեմայով երգերի մասին, որոնք նաև հիթեր են ու ընդգրկվում են համաշխարհային մեծությամբ գրեթե բոլոր աստղերի երգացանկում:
-Դրանք հոգևոր երգերի շարքին չեն դասվում: Կան որոշակի կանոններ` սահմանված սրբապատկերների համար, երգեցողության: Աստված մարդուն շնորհեց ազատություն, բայց դրեց սահմաններ` պատվիրելով չուտել արգելված պտուղը: Յուրաքանչյուր ազատություն ենթադրում է որոշակի սահմաններ, հակառակ դեպքում քաոս կտիրի: Երբեմն դժգոհում են, որ պատարագները, եկեղեցական արարողությունները գրաբար են և հասկանալի չեն: Եկեք այս հարցին ուրիշ կերպ մոտենանք: Օրինակ, ինչո՞ւ չենք պահանջում, որ մեր դպրոցներում գրաբար դասավանդվի: Եկեղեցին միակ վայրն է, որտեղ մեր հին լեզուն պահպանվել է ու հնչում է: Բոլշևիկները մեզ կտրել են այդ մշակույթից, հարստութունից: Այսօր քչերը կարող են մտնել Մատենադարան և ուսումնասիրել ձեռագրերը: Թարգմանչաց տոնին նախընթաց Արարատյան հայրապետական թեմը նախաձեռնեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը, երկու շաբաթ երևանյան ավագ դպրոցներում գրաբար դասավանդվեց, որին հաջորդեց մրցույթը: Երեխաները շատ հեշտ յուրացրին, որովհետև, ի վերջո, դա մեր լեզուն է: Ասեմ, որ այս ծրագիրը ամենամյա է լինելու:
-Մի փոքր շեղվենք թեմայից. սիրո տոնը երիտասարդները կապում են սուրբ Վալենտինի հետ, այս տարի, սակայն, այն կարծես սուրբ Սարգիսը «գլխավորեց»:
-Սուրբ Սարգսի տոնակատարությունները, մոտ 10 տարի է, ժողովրդական տոնախմբության են վերածվել:
-Բայց երիտասարդները նախապատվությունը տալիս էին սուրբ Վալենտինին, հիմա էլ լայն տարածում է ստանում «հելոուինը»: Եկեղեցին չի՞ կարող արգելել կամ բացատրել՝ ինչն ինչոց է:
-Մենք ամեն առիթով բացատրում ենք` ինչն է պետք, ինչը՝ ոչ, սակայն քրիստոնեությունը ազատ կրոն է, և մեր զավակներն իրենք են ընտրում` որ կերակուրն ուտեն:
-Վերադառնանք երաժշտական արվեստին: Միջազգային հարթակներում հայ դասական երաժշտության ներկայացուցիչների ձեռք բերած հաջողություններն ինչպես հարկն է չեն լուսաբանվում, արձագանք չեն գտնում հասարակության լայն շրջանակներում: Կարծում եմ՝ վերջին շրջանում դրական տեղաշարժ է նկատվում նաև այս առումով: Համամի՞տ եք:
-Սա երրորդ միջազգային մրցույթն է, որին մասնակցում եմ ու վերադառնում որպես դափնեկիր: Արժանացել եմ նաև Հայաստանի Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի:
Ռիմսկի-Կորսակովի մրցույթի արձագանքն իրոք աննախադեպ էր: Կարծում եմ` այս մրցանակն իմը չէ, եկեղեցունն է, երկրինը և մեր ժողովրդինը:
-Համագործակցության առաջարկներ ստացե՞լ եք: Ի՞նչ հեռանկարներ են բացում նման մրցույթները:
-Ստացել եմ Մարիինյան թատրոնին կից ակադեմիայում ուսանելու հրավեր, բայց հապաղում եմ, շատ դժվար է հեռանալ երկրից, եկեղեցուց, ազգից, ընտանիքից: Այստեղ դու տանն ես: Տնից հեռու միշտ դժվար է:
-Բայց շատերն են համոզված, որ արվեստագետի հաջողության գրավականը երկրի սահմաններից դուրս գալն է, և առաջին իսկ հնարավորության դեպքում լքում են երկիրը:
-Հնարավորությունները շատ են, բայց պետք չէ գայթակղվել: Ես, իհարկե, չեմ մեղադրում նրանց, ովքեր հեռանում են, մեղադրում եմ միայն նրանց, ովքեր թողնում-գնում են ու հեռվից քննադատում հայրենիքը, պետական այրերին կամ առանձին անհատների:
-Նշեցիք, որ շատ եք կարևորում հայ ազգային, հոգևոր, դասական երաժշտությունը միջազգային բեմերում ներկայացնելը: Ո՞ր հայ կոմպոզիտորներն են ամենից շատ ներկայացվում դրսում:
-Տերտերյան, Տիգրանյան, Չուխաջյան, Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, հատկապես` Արամ Խաչատրյան: Որովհետև ձեռագիրը յուրահատուկ է, լսում ես ու անմիջապես հասկանում, որ Արամ Խաչատրյան է: Եթե երաժշտությունը` երգ, սիմֆոնիա, օպերա լսում ես ու հիշողությանդ մեջ մնում է երաժշտական գոնե մի կտոր, ուրեմն հաջողված է: Արամ Խաչատրյանի գործերն այդպիսին են: Ամբողջ աշխարհը ճանաչում է նրա երաժշտությունը:
-Ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրերին մասնակցելո՞ւ եք:
-Բնականաբար, և բոլորիս համար շատ կարևոր է, որ դրանք անցկացվեն հավուր պատշաճի:
-Ի՞նչ կասեք վերջում:
-ՈՒզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ սրբազան արքեպիսկոպոսին, ով մշտապես իր օրհնությունն ու աջակցությունն է ցուցաբերում ինձ, հնարավորություն ընձեռելով մասնակցելու նմանատիպ մրցույթներին ու ծրագրերին։


Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ